Հաճախ տրվող հարցեր
Որն է ապրանքի ծառայության ժամկետը`
Ապրանքի շահագործման տևողությունը շահագործման կամ նորոգումից հետո շահագործումը վերսկսելու օրից մինչև իր նշանակությամբ օգտագործման անհնարինությունը։ Այն կարող է հաշվարկվել ժամանակի, ինչպես նաև չափման այլ միավորներով (կիլոմետրով, մետրով, տարիներով և այլն)։
Որն է ապրանքի պիտանեության ժամկետը`
Ժամանակահատված, որի ավարտից հետո ապրանքն իր նշանակությամբ օգտագործման համար պիտանի չէ։
Որն է ապրանքի երաշխիքային ժամկետը`
Ժամանակահատված, որի ընթացքում ապրանքի (աշխատանքի) թերության հայտնաբերման դեպքում արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է բավարարել օրենքով սահմանված սպառողի պահանջները։
Որն է ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակը`
Պայմանագրում ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակի վերաբերյալ պայմանների բացակայության դեպքում, վաճառողը (կատարողը) պարտավոր է սպառողին հանձնել այնպիսի ապրանք (կատարել աշխատանք, մատուցել ծառայություն), որը պիտանի է այն նպատակներին, որոնց համար նման ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) սովորաբար օգտագործվում է։ Եթե ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակի նկատմամբ նորմատիվ փաստաթղթերով սահմանված են պարտադիր պահանջներ, ապա վաճառողը (կատարողը) պարտավոր է սպառողին հանձնել այդ պարտադիր պահանջներին համապատասխանող ապրանք (կատարել աշխատանք, մատուցել ծառայություն)։
Որն է սպառողի իրավունքն ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգության վերաբերյալ`
Սպառողն իրավունք ունի պահանջել, որպեսզի ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) օգտագործման, պահման, փոխադրման և օգտահանման սովորական պայմաններում անվտանգ լինի իր կյանքի, առողջության և գույքի նկատմամբ։ Ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգության ապահովման պահանջները պարտադիր են և սահմանվում են օրենքով նախատեսված կարգով։ Արտադրողը (կատարողը) պարտավոր է ապահովել ապրանքի (աշխատանքի) անվտանգությունը սահմանված ծառայության ժամկետի կամ ապրանքի (աշխատանքի) պիտանիության ժամկետի ընթացքում։ Եթե արտադրողը (կատարողը) երկարատև օգտագործման համար նախատեսված ապրանքի (աշխատանքի) համար չի սահմանել ծառայության ժամկետ, ապա նա պարտավոր է ապահովել ապրանքի (աշխատանքի) անվտանգությունը` ապրանքը (աշխատանքը) սպառողին հանձնելու օրից սկսած` տասը տարվա ընթացքում։ Ապրանքի (աշխատանքի) անվտանգությունը չապահովելու հետևանքով սպառողի կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման։ Ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հետ վերցնելու հետ կապված` սպառողին պատճառված վնասները ենթակա են հատուցման արտադրողի (կատարողի) կողմից` լրիվ չափով։
Որն է սպառողի իրավունքն արտադրողի (կատարողի, վաճառողի) և ապրանքի (աշխատանքի, ծառայության) մասին տեղեկատվություն ստանալու վերաբերյալ`
Սպառողն իրավունք ունի պահանջել արտադրողի (կատարողի, վաճառողի), նրա աշխատանքային ռեժիմի և իրացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ անհրաժեշտ և ստույգ տեղեկատվություն, որն արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է տրամադրել հայերեն լեզվով։
Որն է արտադրողի (կատարողի, վաճառողի) մասին տեղեկատվությունը`
Արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է սպառողին հայտնել իր կազմակերպության անվանումը (ֆիրմային անվանումը), գտնվելու վայրը և աշխատանքային ռեժիմը։ Արտադրողը (կատարողը, վաճառողը) այդ տեղեկատվությունը պետք է զետեղի ցուցանակի վրա։ Արտադրողը (կատարողը, վաճառողը) պետք է նաև սպառողին ներկայացնի տեղեկատվություն` պետական գրանցման, ինչպես նաև, եթե արտադրողի (կատարողի, վաճառողի) գործունեության տեսակը ենթակա է լիցենզավորման` լիցենզիայի համարի, դրա գործողության ժամկետի և այդ լիցենզիան տվող մարմնի մասին։ Նշված տեղեկատվությունը պետք է հասցվի սպառողներին ի գիտություն` նաև ժամանակավոր շինություններում, սպառողական ապրանքների շուկաներում, տոնավաճառներում` շրջիկ կետերի և շրջածախ առևտրի միջոցներով վաճառքի, սպառողների կենցաղային և այլ տիպի սպասարկումների իրականացման ժամանակ և այլ դեպքերում, եթե առևտուրը, սպառողների կենցաղային և այլ տիպի սպասարկումներն իրակնացվում են վաճառողի (կատարողի) գտնվելու մշտական վայրից դուրս։
